Եղերդակ սովորական
Հայկական տարանունները
եղերդ, կայծխոտ, հեղերդակ, հյուղերդակ, հնդիպե, ճարճատ, ճարճատուկ, ցիկորի
Դեղաբույսի Նկարագրությունը
Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 60-120 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է։ Ճյուղերը փռված են, ստորին տերևները՝ փորոքամատնաբաժան, իսկ վերինները՝ նշտարաձև ու լայն։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ լեզվակաձև, երկնագույն։ Ծաղկազամբյուղները բացվում են առավոտյան, իսկ կեսօրից հետո և վատ եղանակներին փակվում են։ Հողի մեջ մինչև 1,5 մ թափանցող մսալի արմատը անհոտ է, դառը համով։ Բույսը բազմանում է սերմերով։ Եղերդակը հողի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չէ, լավ է տանում երաշտն ու ցուրտը։ Վայրի վիճակում աճում է ճամփեզրերին, աղբուտներում, առուների և արտերի մերձակայքում, տնամերձ հողամասերում և այլուր։
Քիմիական Բաղադրությունը
Արմատները պարունակում են ինուլին (40-61%), ճարպ, արգինին, խոլին, գլիկոզիդներ (ցիկորիին,ինտիբին), եթերայուղ, դաբաղանյութեր, խեժ, ֆրուկտոզա, C,B խմբի վիտամիններ, պեկտին։Տերևներում հայտնաբերված են ինուլին, C,B խմբի վիտամիններ, կարոտին, եղերդակաթթու, ծաղիկներում՝ գլիկոզիդ, ցիկորիին, կաթնահյութի մեջ՝ դառը նյութեր (լակտուցին, լակտուկոպիկրին), կաուչուկ (2-3%), սերմերում՝ ինուլին, պրոտոկատեխինային ալդեհիդ և այլն։
Բուժական Նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը։ Եղերդակի վերգետնյա մասը մթերում են ամռանը, ծաղկման ընթացքում, չորացնում արևի տակ, մանր կտրատում և պահում տուփերի մեջ, իսկ արմատը հանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մաքրում են հողից, կտրատում և իսկույն չորացնում չորանոցում կամ վառարանում։ Պատրաստի հումքը պահում են չոր տեղում, թղթով պաստառված ամանների մեջ։ Եղերդակը հայտնի է եղել Հին Եգիպտոսում և Հռոմում որպես մարսողությունը լավացնող միջոց։ Ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը լայն կիրառում ունի ստամոքսաաղիքային տրակտի, լյարդի, լեղապարկի, միզուղիների, փայծաղի և մաշկային հիվանդությունների, լնդախտի, անեմիաների, ջրգողության, ճիճվակրության, արյունախխման, արթրիտների, ընդհանուր թուլության, հիսթերիայի, սպազմաֆիլիայի ժամանակ և այլն։ Ավիցեննան եղերդակի հյութը առաջարկել է մի շարք ջերմերի, գլխացավերի, խումարի, միգրենի, երեխաների ընկնավորության, ստամոքսային խանգարումների, նրա ֆլեգմոնայի, բղկոցների ժամանակ, իսկ սերմերը՝ թոքերի ուռուցքի, նյարդային բնույթի դողի, զգայնության խանգարումների, պարեզների, սրտի անկանոն աշխատանքի դեպքերում։ Նա բույսի հյութը օգտագործել է նաև աչքերի հիվանդությունների և կարմիր քամու, արտաչքության, ականջի մեջ միջատների առկայության դեպքերում, իսկ թոքաբորբերի ժամանակ՝ որպես հովացնող և փափկացնող միջոց, թրջոցների ձևով՝ հոդացավերի, պոդագրայի, օձի, կարիճի, պիծակի և այլն թունավոր կենդանիների խայթման դեպքերում։ Մխիթար Հերացին բույսի («հնտիպե» անվան տակ), թարմ հյութն օգտագործել է որպես «արյունը մաքրող» միջոց, ինչպես նաև զանազան ջերմերի, գերհոգնած վիճակի, դեղնուկի ժամանակ և այլն։ Հյութը խառնելով եզան լեզվի հետ, նա թրջոցի ձևով օգտագործել է ֆլեգմոնային բուժման նպատակով, առանձին հյութը՝ նաև ծաղկի և փորկապության ժամանակ։ Այն կազմել է գլխացավերի, աչքերի և ոսկրային հիվանդությունների ժամանակ օգտագործված Գալենի դեղահաբերի բաղադրիչ մասը, մտել է նաև դեղնուկի ժամանակ օգտագործվող «ոսկե դեղահաբերի» բաղադրության մեջ։ Ամիրդովլաթը եղերդակը օգտագործել է կերակրի վատ մարսման, ջրգողության, դեղնուկի, երիկամացավերի ժամանակ։ Նա նշում է, որ բույսի կաթնահյութը կաթեցնելով աչքին, վերանում է փառը, դադարում ակնախաղը, իսկ արմատահյութը, ներքին ընդունման ձևով, բացում է « լերդի և աղիների կալուծը, օգնում է դեղնուկին», վերացնում է նողկանքը, ստամոքսի բորբը, բուժում մալարիան, իսկ արտաքին, թրջոցի ձևով՝ օգնում է մորմի մեղվի և թունավոր միջատների ու սողունների կծածին։ Նշվում է նաև, որ հյութը լավ միջոց է դեղանյութերով թունավորման դեպքում, որ այն ուժեղացնում է սրտի աշխատանքը, սպեղանու ձևով օգտակար է բորբոքական ուռուցքների ժամանակ։ Այնուհետև նշվում է, որ բույսի սերմերը ունեն ջերմ իջեցնող հատկություն, իսկ տերևներն օգտակար են դեմքի ոչ բորբոքականպզուկների և պիսակի դեպքերում։Ամիրդովլաթի տվյալներով, եղերդակի հյութը և սերմերը, առանձին կամ այլ դեղաբույսերի հետ խառնած Հիպոկրատը օգտագործել է փայծաղի ցավերի, Գալենը՝դիսպեպսիաների, Սահակը՝ դեղնուկի և օրխիտի, Հունանը՝ երիկամաբորբի, Մասուայի որդին՝ արյունամիզության և թարախամիզության, Սապիթ Կուռան՝ դիսուրիայի, Դևճանիսը՝ միզապարկի ուռուցքի, Մատային՝ ջերմային հիվանդությունների ժամանակ և այլն։Ուկրիանական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի հյութը ըմպելու ձևով օգտագործվում է լյարդի ցիռոզների, փայծաղի ուռուցքների, արտաքին թրջոցների ձևով՝ էկզեմայի ժամանակ։Բուլղարիայում բույսի արմատը համարվում է որպես լեղամուղ միջոց և լայնորեն օգտագործվում է լեղուղիների մի շարք հիվանդությունների, ստամոքսի խոցի, անգինայի, դիսուրիայի և վերին շնչուղիների բորբի ժամանակ, ինչպես նաև որպես միզամուղ և ընդհանուր նյութափոխանակությունը լավացնող միջոց։Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի հյութը ըմպում են երակների խցանման, ջրգողության և լյարդի հիվանդությունների ժամանակ։Հյութը գինու հետ եփած վիճակում օգտագործում են բքնածության և փորկապության ժամանակ։Արմատը ծեծած վիճակում դնում են վերքերի վրա։ Հայրենական բժշկության մեջ եղերդակի արմատը ներքին ընդունման ձևով օգտագործվում է առատ քրտնարտադրության, լուծի, ստամոքսային ցավերի, լյարդի, փայծաղի, արյան և երիկամների մի շարք հիվանդությունների, ընդհանուր թուլության, հիսթերիայի և շաքարախտի ժամանակ։ Ն․Գ․Կովալևայի, ինչպես նաև Թորոսյան Ա.Ա. –ի տվյալներով, ամբողջ բույսի եփուկը օժտված է չափավոր հիպոտենզիվ հատկությամբ և բարենպաստ է ներգործում հիպերտոնիկ հիվանդության 1-ին և 2-րդ աստիճանների ընթացքի վրա։ Թորոսյան Ա.Ա. –ի տվյալներով, եղերդակի արմատի եփուկը և թուրմը օժտված են նաև չափավոր հիպոգլիկեմիկ հատկությամբ։ Դեղաբույսը համակցելով այլ հիպոգլիկեմիկ միջոցների հետ, զգալի չափով նպաստում է շաքարախտով հիվանդների մոտ մի շարք վեգետոսենսոր երևույթների (բերանի չորություն, սրտխփոցներ, քրտնարտադրություն և այլն) մեղմացմանը կամ վերացմանը։ Ջրաթուրմը և եփուկը ունեն լեղամուղ և միզամուղ հատկություններ։ Մեր կողմից բույսի լեղամուղ հատկությունը հիմնավորվել է խրոնիկական խոլեցիստիտով և լեղապարկի դիսկինեզիայով հիվանդների բուժման ժամանակ։ Դեղաբույսը ընդունելով 2-3 շաբաթ տևողությամբ, մեղմացել կամ լրիվ դադարել են հիվանդների լեղապարկի հատվածի ցավերը, իր չափերով փոքրացել է մինչ այդ մեծացած լեղապարկը, կարգավորվել է հիվանդների ինքնազգացումը և մարսողությունը։ Որոշակի չափերով արմատի տևական կիրառումը կարգավորել է լյարդի ցիռոզով հիվանդների լյարդի խախտված ֆունկցիաները, նվազեցրել ջրգողության պրոցեսը։ Շնորհիվ արմատի միզամուղ հատկության այն ցուցված է բոլոր այն հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են այտուցներով և ջրգողությամբ։ Բույսի արմատի միզամուղ հատկությունը ավելի է ուժեղանում, երբ այն հավասար չափով խառնում են դդումի մանրցրած կոթերի հետ։ Այս խառնուրից 1-2 ճաշի գդալ լցնում են 2 բաժակ ջրի մեջ, եփում 15 րոպե, ապա ըմպում 1/3 բաժակ՝ օրական 3 անգամ։ Որպես ընդհանուր կազդուրիչ և տոնուսավորող միջոց, կովկասյան ժողովուրդները տևականորեն օգտագործում են բույսի եփուկը կամ ջրաթուրմը։ Մատղաշ տերևներից պատրաստված սալաթը ուտում են որպես ընդհանուր կազդուրիչ և հիպոգլիկեմիկ միջոց։ Արմատի եփուկից պատրաստում են լոգանք՝ գեղձախտի և տարբեր բնույթի արթրիտների ժամանակ, իսկ ծաղիկներից պատրաստած թուրմը հանրահայտ է որպես ընդհանուր հանգստացնող և սրտի աշխատանքը ուժեղացնող միջոց։ Արմատները կիրառվում են նաև հոմեոպաթիայում։ Դեղաբույսը օֆիցինալ է եվրոպական մի շարք երկրներում։
Կիրառման եղանակները
Եփուկ պատրաստելու համար 20գ մանրացրած, չոր արմատը 20 րոպե եփել 200մլ ջրում, քամել, հովացնել, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ՝ օրական 5-6 անգամ, կամ 40գ չոր հումքը 1լ ջրում եփել 30 րոպե, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ՝ օրական 5-6 անգամ, կամ 1 թեյի գդալ արմատը 1 բաժակ եռման ջրում եռացնել 30 րոպե, ապա ըմպել 1/3-1/2 բաժակ՝ ուտելուց առաջ։Ջրաթուրմ պատրաստելու համար 1-2 թեյի գդալ մանրացրած արմատը 1 բաժակ եռման ջրում թողնել 2 ժամ, ապա ըմպել 1/3-1/2 բաժակ՝ ուտելուց առաջ, կամ արմատից 1/10 հարաբերությամբ պատրաստում են ջրաթուրմ, որն օգտագործում են արտաքին, թրջոցների կամ լոգանքների ձևով։Ծաղիկներից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ չոր հումքը թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում վերոհիշյալ եղանակով։Արմատի թարմ հյութը կարելի է ընդունել կաթով, 1 ճաշի գդալ հյութը խառնելով 1 բաժակ կաթին։Արմատից ոգեթուրմ պատրաստելուհամար չոր հումքը 1։5-ի հարաբերությամբ խառնում են սպիրտի հետ, պահում 1 շաբաթ, հետո ըմպում ջրով, 20-25-ական կաթիլ՝ օրական 4-5 ագամ։
Այլ օգտակար հատկանիշներ
Արմատից ստանում են ինուլին, սպիրտ, ֆրուկտոզա և սուրճի փոխմիջոց։ Այս նպատակի համար մանր կտրտված արմատը բովում են թավայի մեջ և մանր աղում։ Բովելուց ինուլինը և ֆրուկտոզան մասամբ կարամելացվում են, որից ստացված հումքը լինում է մուգ գույնի։ Ստացված սուրճի համը ավելի կատարյալ դարձնելու համար այն խառնում են կաղնու բոված պտուղների և խատուտիկի արմատի հետ։ Եղերդակից ստացվող այս հաճելի ըմպելիքը ոչ միայն փոխարինում է սուրճին, այլև սուրճի հետ խառնելիս նրան տալիս է դուրեկան համ։ Արմատից ստացվող օշարակը օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արտադրության մեջ։ Արմատամերձ տերևներից պատրաստում են սալաթ։ Այս նպատակով, ուշ աշնանը արմատները հանում են, դրանք մութ տեղում տեևակալում են և հնարավոր է սալաթ պատրաստել նույնիսկ ձմռան ամիսներին։ Եղերդակը մեղրատու է, տալիս է առատ նեկտար և ծաղկափոշի, միաժամանակ լավ կերաբույս է։