Գետնամորի անտառային

Հայկական տարանուններ

գետնաելակ, գետնաթութ, գետնամորուկ, իծամորի, մոր, վայրի ելակ

Դեղաբույսի Նկարագրությունը

Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, կոճղարմատավոր դեղաբույս է, 5-15 սմ բարձրության։Տերևներն ունեն երկար կոթեր և բաղկացած են ատամնաեզր 3 տերևներից։ Կոճղարմատը գորշ է, 1-2 սմ հաստության։ Ծաղիկները հիմնականում երկսեռ են, սպիտակ կամ կարմրավուն։ Պտուղները կլոր կամ կոնաձև են: Հասունանում են ծաղկելուց 1 ամիս հետո։ Բույսը բազմանում է սերմերով և բեղիկներով։ Յուրաքանչյուր բեղիկից աճում են 3-4 դուստր նոր արմատներ։ Ծաղկում է մայիսից, ամբողջ ամռան ընթացքում, իսկ պտուղները հասունանում են ամռան ամիսներին։ Գետնամորին աճում է մարգագետիններում, մացառուտներում, անտառի բացատներում և այլուր։ Բույսը ցրտասեր է։ Ցեղի անունը ծագել է լատիներեն «ֆրագարե» բառից, որը նշանակում է անուշահոտություն։ Գետնամորու կուլտուրական տեսակը համարվում է հանրածանոթ ելակը։

Քիմիական Բաղադրությունը

Գետնամորու պտուղներում հայտնաբերված է մինչև 6% շաքար (հիմնականում ֆրուկտոզա և գլյուկոզա), կիտրոնաթթու, խնձորաթթու, սալիցիլաթթու, ֆոսֆորաթթու, խինինաթթու, պեկտինային և դաբաղիչ նյութեր, ֆլավոնային և անտոցիանային միացություններ, ֆոլաթթու, եթերայուղ, C, B1, B2, PP վիտամիններ, կարոտին, կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, երկաթի, մանգանի, պղնձի, քրոմի, ալյումինի, կոբալտի և այլ միկրոտարրերի աղեր, կարմիր պիգմենտ։ Սերմերը հարուստ են ճարպայուղով (մինչև 19% ), տերևները՝ C վիտամինով (մինչև 380 մգ %), իսկ արմատները և կոճղարմատը՝ տանինով (մինչև 9%)։ Բույսի մեջ հայտնաբերված է ֆրագարին գլիկոզիդը։ Ա․Ա․Պոկրովսկու տվյալներով, գետնամորու 100 գրամը տալիս է 41 կկալ էներգիա և այն հարուստ է օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող սպիտներով։

Բուժական Նշանակությունը

Բուժման նպատակով օգտագործում են բույսի բոլոր մասերը, հատկապես պտուղները և այս առումով շատ հեղինակներ էական տարբերություն չեն դնում գետնամորու վայրի տեսակների և կուլտուրական սորտերի միջև։ Պտուղները հավաքում են չոր եղանակին, առավոտյան ցողը վերանալուց հետո կամ օրվա վերջում, որովհետև թաց պտուղներն շուտ են փչանում, իսկ շոգին՝ շուտ թորշոմում։ Հավաքում են հասուն, չվնասված պտուղները և անմիջապես չորացնում հատուկ մրգաչորանոցներում կամ վառարանի ջեռոցում։ Ճիշտ չորացնելիս պտուղները պահպանում են իրանց նախնական վառ կարմիր գույնը։ Գերչորացումից հումքը կորցնում է լիարժեքությունը։ Տերևները չորացնում են հով տեղում, միջանցուկ քամու տակ և պահում են ներսից թղթով պաստառված փայտյա արկղիկների մեջ։ Չորացրած պտուղները պահում են թիթեղյա տուփերում։ Հումքի պիտանելիությունը 1-2 տարի է։ Դեռևս նախապատմական ժամանակներից մարդը գետնամորին օգտագործել է ուտելու համար, որը հիմնավորվել է պեղումների ժամանակ հնամենի կառույցներից ու դամբարաններից հանված խեցամաններում բույսի սերմերի հայտնաբերումով։ Որպես դեղաբույս գետնամորին հիշվում է 13-րդ դարից։ Այն լայնորեն օգտագործում են աշխարհի տարբեր ժողովուրդները։ Հայրենական ժողովրդական բժշկության մեջ գետնամորին օգտագործվում է ախորժակը լավացնելու, մարսողությունը կարգավորելու համար։ Միաժամանակ համարվում է որպես հակաբորբոքիչ, ցավազրկող և վերքամոքիչ միջոց։ Օգտագործվում է նաև միզուղիների և լեղուղիների քարային հիվանդության, պոդագրայի և հեպատիտների ժամանակ։ Տերևների եփուկը օգտագործում են շնչահեղձության, արգանդային արյունահոսության, խոցային հիվանդության, գաստրիտների, ուժերի անկման, անեմիայի, հիպերոտիկ և սրտային հիվանդությունների, աթերոսկլերոզի ժամանակ։ Թարմ տերևները դնում են հնացած վերքերին, իսկ պտուղները օգտագործում են թեյի ձևով՝ մարմնի ցրտառական հիվանդությունների, լնդախտի և ատամնաքարի դեպքում։ Գերմանիայում այն օգտագործվում է լեղաքարային, նյարդային և փայծաղի հիվանդությունների, գաստրիտների, բրոնխիալ ասթմայի, անքնության, հոգնայի ձևով՝ թութքի, կոմպրեսի ձևով՝ թացացող և արյունահոսող վերքերի, ուտելու ձևով՝ բերանի վատ հոտի ժամանակ և այլն։ Լեհաստանում օգտագործում են աթերոսկրելոզի, երիկամների և միզապարկի մի շարք հիվանդությունների, հատկապես միզուղիների ավազի և քարի, պոդագրայի, մաշկային հիվանդությունների և նյութափոխանակության որոշ խանգարումների ժամանակ։ Անգլիայում տերևների եփուկը օգտագործում են բերանի վերքերի և տոնզիլիտների ժամանակ՝ ողողման ձևով, իսկ պտուղները՝ տարբեր բնույթի ջերմերի և փորկապության դեպքերում։ Բուլղարիայում՝ ամբողջական բույսը, պտուղների հետ միասին, եփուկի ձևով օգտագործում են լեղուղիների և միզուղիների քարային դիաթեզի, պոդագրայի, բրոնխիտների և կոմպրեսի ձևով՝ մաշկի թարախապալարների ժամանակ։ Մ․ Ա․ Նասոլի տվյալներով, եթե երիզորդով հիվանդն ընդունի մեծ քանակությամբ պտուղներ, որից հետո՝ սոխ և սելյոդկա, ապա որդը կընկնի գլխիկով։ Բուժման այս եղանակը, որը բացարձակապես անվնաս է, իրեն արդարացնում է նաև ասկարիդային, սրատուտային և մազագլխիկային ճիճվակրությունների դեպքերում։ Հարկ եղած դեպքում բուժումը կարելի է կրկնել մի քանի օր։ Գետնամորին դրական արդյունք է տալիս նաև էկզեմայի բուժման դեպքում, երբ դեղաբույսի հասուն պտուղները տրորում են և հաստ շերտով դնում մաշկի ախտահարված մասին։ Այս դեպքում մաքրվում են կեղևները, դադարում քորը, հեղուկների արտահոսը, վերանում վատ հոտը։ Աշխարհի շատ ժողովուրդների կողմից գետնամորին օգտագործվում է կոլիտների, դեղնուկի, թոքային պալարախտի, ուռուցքների, հին խոցերի և մաշկի ցանավորումների, աղային փոխանակության խանգարումների, արգանդային արյունահոսությունների (բարձրացնում է արյան մակարդելիությունը), ռախիտի, գեղձախտի, որքինի, գիշերային քրտնարտադրության և այլ հիվանդությունների ժամանակ։ Ն․Գ․ Կովալևայի տվյալներով, պտուղների տևական կիրառումը դրականապես է անդրադառնում հիպոքրոմ երկաթ-դեֆիցիտային անեմիայով տառապող հիվանդների արյան կազմի վրա։ Կ․Բ․Բալիցկը և աշխատակիցները բույսի տերևների եփուկի օգտագործումով որոշակի հաջողության են հասել չարորակ ուռուցքների բուժման ասպարեզում։ Իսկ նույն տերևների թուրմը, Ն․Գ․Կովալևայի փորձնական տվյալներով, ներերակային կիրառման ձևով, իջեցնում է արյան ճնշումը, դանդաղեցնում սրտի ռիթմը, խորացնում վերջինիս կծկման ամպլիտուդան, լայնացնում ծայրամասային անոթները, միաժամանակ ուժեղացնում արգանդի կծկումները, ունենում է միզամուղ ազդեցություն։ Գիտական բժշկության մեջ հիմնավորվել են գետնամորու որոշակի միզամուղ և հակաբորբոքիչ հատկությունները, որի շնորհիվ այն առաջարկվում է միզաքարային հիվանդության և գաստրիտների բուժման համար։ Հիմնավորված է նաև այն, որ պտուղները նվազեցնում են արյան միզաթթվի և նրա աղերի քանակությունը, որը դրական արդյունք է տալիս պոդագրայի բուժման ժամանակ։ Պարզվել է նաև, որ դեղաբույսն օժտված է միաժամանկ հակաբիոտիկ և ֆիտոնցիդային հատկություններով։ Գետնամորին մեծ կիրառում ունի նաև կոսմետիկայում՝ դեմքի մաշկի պեպենների, բծերի, պզուկների վերացման համար։ Նման դեպքերում գետնամորու պտուղների հյութից՝ խառնած ձվի հարած սպիտակուցի հետ դեմքին դնում են դիմակներ (1 թեյի գդալ պտղահյութը՝ 1 ձվի սպիտակուցին)։ Կոմպրեսի ձևով նաև կարելի է օգտագործել պտուղների ջրաթուրմը։ Գետնամորու որոշ բուժական հատկանիշներ (միզամուղ, քրտնամուղ, ցավ հանգստացնող և այլն) ավելի են ուժեղանում, երբ պտուղները կամ տերևները, հավասար չափերով, խառնում են կեռասի և բալի հետ, իսկ մեր տվյալներով, դարձյալ հավասար չափերով՝ կատվախոտի արմատի և սրոհունդի հետ։ Այդ խառնուրդից 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում թրմելուց հետո օգտագործելիս դրական արդյունք են ստացել սրտխփոցների, սրտային առիթմիաների, անքնության և ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Թուրմը ընդունվել է օրական 1/2 բաժակ, 2 անգամ, 2-3 շաբաթ տևողությամբ։ Խառնուրդն ունի նաև միզամուղ և քրտնամուղ հատկություններ, որոնց շնորհիվ դրական արդյունք է տալիս շնչուղիների սուր բորբոքումների ժամանակ։

Կիրառման եղանակները

Պտուղներից ստացված թարմ հյութը խմում են օրվա մեջ 4-6 ճաշի գդալ, քաղցած վիճակում։ Չորացրած պտուղներից թուրմ պատրաստելու համար 2 ճաշի գդալ հումքին ավելացնում են 1 բաժակ եռման ջուր, թրմում 1 ժամ և ըմպում 1/2 բաժակ՝ օրական 2 անգամ։ Տերևներից եփուկ պատրաստելու համար 50 գ հումքը 1 լ ջրում եռացնում են 30 րոպե, որից հետո ըմպում 1-ական ճաշի գդալ՝ օրական 3-4 անգամ կամ 1 ճաշի գդալ մանրացրած տերևները լցնում են 1 բաժակ ջրի մեջ, եռացնում 15-20 րոպե, թողնում հովանալու հետո ըմպում ամբողջ օրվա ընթացքում, կամ 3 գ չոր տերևները 400 մլ ջրում 30 րոպե եռացնելուց հետո ընդունում են կումերով, ամբողջ օրվա ընթացքում, կամ 1 ճաշի գդալ տերևը 2 բաժակ ջրում 30 րոպե եռացնելուց հետո ընդունում են 1/2 բաժակ՝ օրական 2 անգամ, կամ 20 գ տերևը 200 մլ եռման ջրում եռացնում են 5-10 րոպե, թողնում 2 ժամ և ըմպում 1-ական ճաշի գդալ՝ օրական 3-4 անգամ։ Եփուկ կարելի է պատրաստել նաև ամբողջական բույսից (արմատով, կոճղարմատով, ցողունով, ծաղիկներով և տերևներով)։ 20 գ հումքը 200 մլ ջրում 30 րոպե եռացնելուց հետո կարելի է ընդունել 1-ական ճաշի գդալ՝ օրական 2-3 անգամ։ Տերևներից, արմատներից և ծաղիկներից առանձին-առանձին կարելի է պատրաստել ջրաթուրմ։ 1 թեյի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում 2 ժամ թրմելուց հետո օրվա մեջ ընդունում են 2 անգամ։ Ճարպակալման, դիաթեզների և կլիմատերիկ խանգարումների ժամանակ նյութափոխանակությունը խթանելու նպատակով վերցնում են 40 գ գետնամորու տերևներ և 20-ական գրամ ուրց, գետնաաստղ և պատրինջի տերևներ։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում միանվագ՝ օրվա մեջ 2-3 անգամ։ Լեղաքարային հիվանդության ժամանակ վերցնում են 5-ական գրամ վաղենակ, կեչու տերև, չորածաղիկ, գիհու և սամիթի սերմեր, 10- ական գրամ գետնամորու պտուղ, երիցուկ, մասրենու ծաղիկներ, 15- ական գրամ ձիաձետ, եգիպտացորենի մազիկներ, մասրապտուղ, խատուտիկի արմատ և 20 գ անթառամ։ Այս խառնուրդից 6 գ եփել 0․5 լ եռման ջրում մի քանի րոպե, թրմել 30 րոպե, քամել ու ըմպել 3/4 բաժակ, օրական 3 անգամ՝ ուտելուց 10-15 րոպե առաջ։

Այլ օգտակար հատկանիշներ

Անցյալում գետնամորու պտուղները, ծաղիկները և տերևները փոխարինել են թեյին։ Հասուն պտուղներով հրապուրվում են սողուններն ու թռչունները։ Գետնամորին մեղրատու է։ Պտուղները ուտում են թարմ վիճակում, շաքարով, կաթով, սերուցքով։ Նրանցից պատրաստում են կոմպոտ, մուրաբա, օշարակ, պովիդլո, մարմելադ, կոնֆետի խորիզ, գինի, թրմօղի, էսենցիա, դոնդող, հովացնող խմիչքներ, պաստեղ և այլն։ Թարմ պտուղները հիանալի հագեցնում են ծարավը, գրգռում ախորժակը, աշխուժացնում ստամոքսաղիքային տրակտի գործունեությունը։ Պտուղները շատ օգտակար են երեխաների համար որպես լիարժեք, ընդհանուր կազդուրիչ սնունդ։ Սակայն պետք է նշել, որ պտուղները որոշ մարդկանց մոտ առաջացնում են ծանր ալերգիկ երևույթներ, որոնք արտահայտվում են մոլոքորով, որովայնի ցավերով, նողկանքով, փսխումներով, գլխապտույտով, սրտխփոցներով, լուծով և այլն։ Գետնամորին ունի նաև տեխնիկական կիրառում․ պտուղների հյութով բուրմունք են տալիս օճառին, իսկ տերևները և ծաղիկները ունեն կաշին դաբաղելու հատկություն։