Սինդրիկ
Հայկական տարանունները
կցմծուկ, սամնտրուկ, սանդրուկ, սնդրիկ, սնդրուկ, Սողոմոնի կնիք, քրմնցուկ
Դեղաբույսի Նկարագրությունը
Ծնեբեկազգիների ընտանիքին պատկանող, 15-45 սմ բարձրության, բազմամյա խոտաբույս է, հաստ կոճղարմատով։ Ունի հերթադիր, ձվանշտարաձև տերևներ, երկսեռ ծաղիկներ։ Պտուղը սև կամ կապտավուն հատապտուղ է։ Ծաղկում է մայիս-հունիս, պտղակալում՝ հունիս-օգոստոս ամիսներին։ Մեր հանրապետությունում՝ աճում են՝ օղակատերև, հարթ, բազմածաղկավոր և կովկասյան սինդրիկները։ Այս տեսակները լայնորեն տարածված են խառն անտառներում, ալպյան և ենթաալպյան գոտիներում, 1500-2200 մ բարձրության վրա, գլխավորապես Իջևանի, Դիլիջանի, Ստեփանավանի, Հրազդանի, Գորիսի, Մեղրու և այլ շրջաններում։ Բոլոր տեսակներն էլ ունեն ինչպես բուժական, այնպես էլ սննդային նշանակություն։ Սինդրիկը բազմանում է սերմերով և կոճղարմատով, հաճախ տալով լայնատարած բուսուտներ։ Ձմեռում է լավ, պտղակալում՝ ոչ ամեն տարի։
Քիմիական Բաղադրությունը
Բույսի գրեթե բոլոր մասերում հայտնաբերված են ալկալոիդներ, սապոնիններ, հովտաշուշանի գլիկոզիդներից՝ կոնվալյարին, կոնվալյատոքսին, կոնվալյամարին, մինչև 330 մգ % C վիտամին, տանին, բուսական լորձ և օսլա։
Բուժական Նշանակությունը
Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի կոճղարմատը, տերևները և դալար ցողունը։ Վերջինս հիմնականում ուտելու նպատակով հավաքում են ապրիլ-մայիս ամիսներին, տերևները՝ ծաղկման ընթացքում, իսկ կոճղարմատը՝ աշնան ամիսներին։ Հումքը պահում են չորացած կամ կոնսերվացրած վիճակում։ Սինդիկը ժողովրդական բժշկության մեջ կիրառման բավականաչափ հին պատմություն ունի։ Հնդկաստանում բույսի կոճղարմատը ճանաչել են որպես մածող, փափկացնող և տոնուսավորող միջոց։ Տիբեփում կոճղարմատից պատրաստում են դեղամիջոց՝ ծերունական զառամության և ավշահանգույցների բորբոքումների դեմ։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի բոլոր մասերն օգտագործում են ռևմատիզմի, ճողվածքների, թութքի և գոտկացավերի, իսկ Իտալիայում՝ պոլիարթրիտների ժամանակ։ Ֆրանսիայում տրորված կոճղարմատը դնում են թարախապալարների և պոդագրայով ախտահարված հոդերի վրա, իսկ ներքին ընդունման ձևով՝ տալիս են որպես մածող ու փսխեցնող միջոց։ Գերմանիայում կոճղարմատի եփուկը թրջոցների ու լվացումների ձևով օգտագործվում է սալջարդերի, արյունահոսող քերծվածքների և տարբեր բնույթի հոդային ախտահարումների ժամանակ։ Եփուկի թրջոցներն ունեն սալջարդի հետևանքով առաջացած արյունազեղումները ներծծող հատկություն։ Սիբիրում կոճղարմատի եփուկը պատրաստում են կաթով և օգտագործում բարձր ջերմության, ռևմատիզմի և կատաղած շների կծելու դեպքերում։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ տրորված կոճղարմատն ու տերևները դնում են թարախապալարների և բորբոքական ուռուցքների վրա։ Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը մաքրում է մեզը և ստամոքսը։ Արմատը շաղախված շաքարի կամ մեղրի հետ, ուժեղացնում է արգանդի կծկումները։ Իսկ Ս․ Շահրիմանյանը նշում է, որ դեղաբույսը օգտագործվում է Հայաստանում որպես կերակուր, միաժամանակ, այն շատ օգտակար է ստամոքսին և ներքին օրգաններին։ Ըստ Ա․ Ա․ Գրոսգեյմի, կոճղարմատի հյութը դեմքին քսելիս կարմրեցնում և նրբացնում է դեմքի մաշկը, իսկ նրա թուրմն ունի դեմքն արևահարությունից պաշտպանելու հատկություն։ Սակայն բույսի սերմերը, մասամբ նաև մյուս մասերը, թունավոր են։ Արածելու ընթացքում պատահմամբ ուտելով, անասունները թունավորվում են, որի հետևանքով առաջ է գալիս սրտի աշխատանքի թուլացում, շնչառության դանդաղում, հաճախամիզություն, փորլուծություն և այլն։ Դեղաբույսն օժտված է հակամիկրոբային ակտիվությամբ։ Սինդրիկն ունի ստամոքսի սեկրեցիան դրդող առավել ուժեղ ներգործություն, քան կաղամբահյութը կամ էթիլսպիրտը, ուստի այն լայնորեն կարելի է կիրառել փորձնական նախաճաշի ձևով՝ ստամոքսային հիվանդությունների ախտորոշման բնագավառում, քանի որ այն մատչելի է և բացարձակապես անվնաս օրգանիզմի համար։ Դեղաբույսը եփուկի ձևով կարելի է օգտագործել ստամոքսի թերֆունկցիոն բնույթի ախտահարումների ժամանակ՝ որպես սեկրեցիան և նրա կարևոր բաղադրատարրերը դրդող միջոց։
Կիրառման եղանակները
Կոճղարմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում օրվա մեջ 3 անգամ։ Կոճղարմատից եփուկ պատրաստելու համար 40-50 գ մանրացրած հումքը 30 րոպե եփում են 0,5 լ ջրում, ապա օգտագործում թրջոցների ձևով, կամ 20 գ հումքը 30 րոպե եփում են 1 բաժակ ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ՝ օրը 3 անգամ։ Չորացրած, դալար ընձյուղներից մեր եղանակով եփուկ պատրաստելու համար 4 գ հումքը 10 րոպե եռացնում են 200 մլ ջրում, հետո ավելացնում գոլորշիացման հետևանքով պակասած ջրի քանակը և օգտագործում միանվագ որպես փորձնական նախաճաշ կամ թերսեկրետոր բնույթի խրոնիկական գաստրիտների ժամանակ, բուժման նպատակով՝ 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց անմիջապես առաջ, 2-3 շաբաթ տևողությամբ։
Այլ օգտակար հատկանիշներ
Սինդրիկը բնակչությանը ծանոթ կերաբույս է։ Մատղաշ ընծյուղները խաշում են ու օգտագործում քացախով, տապակում կամ պահածոացնում են ձմեռվա համար։ Այն ունի հաճելի ախորժակաբեր համ ու հոտ։ Կոճղարմատի փոշին, շնորհիվ լորձառատության, առաջարկվում է օգտագործել որպես սոսինձ։ Բույսը ներկատու է և շնորհիվ գեղեցիկ տեսքի, ունի նաև դեկորատիվ նշանակություն։